Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Քաղհասարակության կազմակերպությունները՝ հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացուցիչները նոյեմբերի 6-ին հանդիպում են ունեցել ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հետ:
Հանդիպման սկզբում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Նարինե Մեջլումյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, դրա նպատակը, ոլորտները, որից հետո «Քաղհասարակության կազմակերպությունները՝ հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացուցիչ Աստղինե Պասոյանը և Թամարա Բաբայանը փոխնախարարին ներկայացրին ենթադրամաշնորհային ծրագիրը, նպատակները, ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարված աշխատանքները, տվյալ հանդիպման նպատակն ու ակնկալիքները:
Քննարկում ծավալվեց էներգաարդյունավետության օրենքի, վերջինիս ճկուն լինելու, կիրառման ընթացքում առկա բացերի, ինչպեսև դրանց հետ կապված առաջարկների շուրջ:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ:
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: