«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Մարտունու կանանց համայնքային խորհրդի», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիայի» և Վայոց Ձորի մարզ «Հույս – 98» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում է «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ 4 մարզերում՝ Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Վայոց Ձոր, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։
Ծրագրի շրջանակներում Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի երեքական ներառական դպրոցներում նախատեսվում է իրականացնել մասնակցային մոնիտորինգ՝ ուսումնասիրելու և գնահատելու ներառական կրթության առկա իրավիճակը, խնդիրները, հիմնական բացթողումները, որոնց հիման վրա կմշակվեն առաջարկություններ՝ դրանք պատկան մարմիններին ներկայացնելու և դրանց իրականացմանը հետամուտ լինելու նպատակով։
Մասնակցային մոնիտորինգն իրականացնում են քաղաքացիական խմբի անդամները՝ կամավորության սկզբունքով, ինչը ենթադրում է հարցումների իրականացում դպրոցի տնօրենների հետ, կիսաստանդարտացված հարցազրույց բազմամասնագիտական թիմի մեկ աշխատակցի հետ, ֆոկուս խմբային քննարկում յուրաքանչյուր դպրոցի 10-12 ծնողների հետ՝ ամեն դպրոցում մեկ անգամ և դիտարկում՝ յուրաքանչյուր դպրոցում։ Խումբը մոնիտորինգային այցերն իրականացնելու է մինչև նոյեմբեր ամսվա վերջ։
Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվեց 4 մարզերի քաղաքացիական խմբի անդամների վերապատրաստումը։ Նրանք ծանոթացան քաղաքացիական խմբի վարքագծի կանոններին, մասնակցային մոնիտորինգ իրականացնելու մեթոդաբանության գործիքախմբին՝ հարցումների իրականացում, դիտարկում, փորձարկում, որպեսզի կարողանան գնահատել ներառական կրթության առկա իրավիճակը, ձեռքբերումները, խոչընդոտները և հանդես գան համապատասխան առաջարկներով։