Նոյեմբերի 20-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի գրասենյակում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին «Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ», «Աստղացոլք», «Ընտանիք և համայնք», «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Սոցիալական Արդարություն» ՔՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ԻՀԱ-ից Մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մելքումյանը և ֆոնդահայթայթման աշխատանքերի համակարգող Էդուարդ Մանուկյանը՝ ցանցի ֆինանսական միջոցների հայթայթման վերաբերյալ պլանի ներկայացման և խորհրդատվության տրամադրման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոբացիայի հետ կապված իրավիճակը երկրում, ցանցի ռազմավարության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները, գործող պրոբացիայի ծառայությունում առկա խնդիրները, «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները, խոսվեց վաղաժամկետ ազատման համար անհրաժեշտ հստակ չափանիշների մշակման, պրոբացիայի ծառայությունում հստակ հաշվետվողականության մեխանիզմ ներդնելու անհրաժեշտությունից և կարևորվեց գործող պրոբացիայի ծառայության մշտադիտարկման հարցը:
«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի աշխատանքային հանդիպման մասնակիցներն այն համարեցին արդյունավետ, քանի որ վերջինիս ընթացքում քննարկվեցին և´ ցանցի առաջիկա անելիքները, և´ «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի ընթացքն ու նախատեսված գործողությունների ժամկետները:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: