Նոյեմբերի 22-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (այսուհետ՝ ԿԵՀ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայկական բիզնես կոալիցիայից» «Գործարարության աջակցման գրասենյակ»-ի ներկայացուցիչ Դավիթ Աղաջանյանը և ԻՀԱ-ից ԿԵՀ ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը հանդիպեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ՊԵԿ-ից մասնակցում էին ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Հարությունյանը և ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԿԵՀ ծրագիրը, վերջինիս նպատակները և տվյալ հանդիպման նպատակը, որից հետո Դավիթ Աղաջանյանը ավելի մանրամասն ներկայացրեց «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը, նպատակները, ընթացքը, ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի պարտականությունները և ՊԵԿ-ի կողմից ներկայացուցիչ ունենալու պարագայում ժամանակ խնայելու, աշխատանքները փոխհամաձայնեցված ու առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները:
Ընթացքում քննարկվեցին նաև ՓՄՁ ոլորտի ներկայիս խնդիրները, դրանց վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցին, փաստարկներ և հակափաստարկներ բերվեցին, և ի վերջո հանգեցին այն եզրակացության, որ կա նոր ռազմավարության մշակման ու ներդրման, բարեփոխումների, ոլորտի կրթության և աջակցության կարիք:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչները խոստացան քննարկել աշխատանքային խմբում ընդգրկվելու հնարավորությունները և հնարավորինս աջակցել վերջինիս գործունեությանը;
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: