Դեկտեմբերի 27-ին Եվրորապական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրրի շրջանակում Դիլիջանում անցկացվեց «Նախադպրոցական և միջնակարգ կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքով սահմանված իրավասությունները և դրանց կատարման արդյունավետությունը» խորագրով ՔՀԿ-ՏԻՄ ֆորում:
Միջոցառումը կազմակերպել էր ծրագրի կոնսորցիումի անդամ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն:
Միջոցառմանը ներկա ՀՀ պետական տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումներին իրենց մասնակցությունը. «Սա հարթակ է, որտեղ պետական մարմինը հնարավորություն ունի դիմել քաղհասարակության կազմակերպություններին, մասնագիտական շրջանակներին և ոլորտի շահագրիգիռ անձանց, ներկայացնել օրենսդրական բազան ու գործիքակազմը, ասել, որ այդ մշտապես բարելավելու կարիքը կա: Եվ կրթական լավ համակարգ ունենալու համար կարևոր է համագործակցային աշխատանքը»,- ասաց նա:
Կրթական տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը ներկայացրեց Իջևան և Ստեփանավան համայնքների կրթական հարցերով զբաղվող ստորաբաժանման աշխատանքների ուսումնասիրության արդյունքները և նույն համայնքներում մանկապարտեզներում կատարված ստուգումների արդյունքները: Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանվող ՏԻՄ-երի լիազորություններին և մասնավորապես կրթական տեսչության կողմից ուսումնասիրությունների արդյունքում այդ լիազորություններից բխող գործառույթների չկատարմանը:
Միջոցառմանը քննարկվեցին նաև հանրակրթական դպրոցի կառավարման խորհրդներում ՏԻՄ ներգրավվածության, դպրոցական տարիքի երեխաների ուսումնական հաստատությունում ներգրավվելու, ներառական կրթության աջակցության վերաբերյալ հարցեր:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: