Այսօր՝ հունվարի 17-ին, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի մեկնարկային հանդիպումը:
«Հասանելի բուհական կրթություն» ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով:
Ծրագրի ներկայացման հանդիպմանը մասնակցեցին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»/ՀԱՊՀ հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը, ով, կարևորելով ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, ԳՈՒՄ ՀԿ-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և կոչ արել ուսանողներին ու դասախոսներին ծրագրի իրականացման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա․ Տոռոզյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և համագործակցելու պատրաստակամության համար։
Ծրագրի ղեկավար Աննա Դանիելյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու նախատեսված գործողությունները, որից հետո հանդիպման մասնակիցները հանդես եկան հարցադրումներով և ծրագրի վերաբերյալ դրական դիրքորոշումներով։