Հունվարի 30-ին Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» ծրագրի շնորհանդեսը: Այս ծրագիրը իրականացնում է «Իջևան» Երիտասարդական դաշինք» ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքների զարգացմանը:
Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Այգեհովիտ և Վազաշեն համայնքի ղեկավարները, Այգեհովիտ համայնքի դպրոցի, մշակույթի տան տնօրենները և համայնքների բնակիչներ:
«Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակը և առաջիկայում նախատեսվող գործողությունների շղթան: Ծրագրի ղեկավարը խոսեց նաև կառավարությանը առաջարկների փաթեթ ներկայացնելու մասին, որը պետք է ներառի փորձագիտական խմբի կողմից մշակված՝ սահմանամերձ հատվածի գոտիավորման և ականապատված տարածքների սեփականատերերին փոխհատուցման մասին որոշումների նախագծեր՝ այդ հատվածի բնակչության հանդեպ արդարության վերականգնման նպատակով:
Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու ծրագրի իրագործմանը:
Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը ևս ողջունեց ծրագրի իրականացումը, նշված նպատակներից կարևորելով հատկապես գյուղմթերքի փառատոն հիմնելու գաղափարը, որն էլ իր հերթին կնպաստի գյուղական տուրիզմի զարգացմանը:
Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես դրականորեն արտահայտվեցին և նշեցին, որ իրենք նույնպես կօժանդակեն ծրագրի իրագործմանը:
Մմիջոցառման մասնակիցները ակտիվ էին, մասնակցում էին քննարկումներին և հետաքրքրված էին թեմայով: