Հունվարի 30-ին, ժամը 12:30-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Տեղական մակարդակում սոցիալական քաղաքականությունների վերանայման-բարելավման» ծրագրի շնորհանդեսը:
Այս ծրագիրը իրականացնում է «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակն է Տավուշի մարզում նպաստել սոցիալական ոլորտում քաղաքականություններ իրականացնող պատկան մարմիններին ու հիմնախնդրի լուծմամբ զբաղվող մարզային ՔՀԿ-ների միջև ստանձնելու կառուցողական երկխոսության հանձնառություններ և աջակցել բարձրացնելու ՔՀԿ-ների ազդեցությունը բնակչության սոցիալական պաշտպանվածության իրավունքի իրականացման և մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության, ոլորտի աշխատողների բարեվարքության նորմերի պահպանման վրա:
Ծրագրի ղեկավար Մանուշ Մարալչյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակը և առաջիկայում նախատեսվող գործողությունների շղթան: Ծրագրի ղեկավարը խոսեց նաև այն մասին, որ Տավուշի մարզում բնակչության ճնշող մեծամասնությունը մինչ օրս աղոտ պատկերացում ունի սոցիալական աշխատանքի մասին, որ բնակչությունը, սոցիալական ծառայության մատուցում ասելով, հասկանում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին օգնության կարգով տրվող նպաստների ու դրամական այլ վճարների նշանակում ու վճարում:
Ողջույնի խոսքով և առկա խնդիրների մասին խոսեցին նաև Դիլիջանի և Նոյեմբերյանի համայնքի ղեկավարները, ովքեր հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ օգնելու ծրագրի իրագործմանը: Հանդիպման մյուս մասնակիցները նույնպես դրականորեն արտահայտվեցին և նշեցին, որ իրենք նույնպես կօժանդակեն ծրագրի իրագործմանը:
Շնորհանդեսին ներկա էին մարզի խոշորացված համայնքների համայնքապետերը, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, մարզի ՍԱՏԳ աշխատակիցներ: Վերը նշված ներկայացուցիչներից 11-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին, 7-ը արական:
Միջոցառման մասնակիցները ակտիվ էին, մասնակցում էին քննարկումներին և հետաքրքրված էին թեմայով: