Փետրվարի 7-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի ներկայացուցիչների հետ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացնող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Հանդիպմանը ներկա էին նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և ծրագիրն իրականացնող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանը:
Հանդիպման հիմնական նպատակը «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի իրականացման արդյունավետության և համագործակցության հարցերի քննարկումն էր։ Նշենք, որ ծրագրի նպատակն է Նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի), Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի (Հրազդան) մարզերը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց սոցիալական աջակցության ոլորտում տարվող բարեփոխումներին քաղհասարակության կառույցների մասնակցությունը, պետական և ոչ պետական սեկտորների համագործակցությունը, և մասնավորապես այս ծրագրի շրջանակներում՝ մի կողմից ՀՀԱԿ ՀԿ-ի և մյուս կողմից նախարարության և վերջինիս տարածքային ներկայացուցչական մարմինների միջև համագործակցությունը, այդ համագործակցությանը վերաբերող հուշագրի կետերը, կնքման ժամկետները և ակնկալվող արդյունքները։ Ծրագրի ավարտին պատասխանատուները նախարարությանը կներկայացնեն առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների դեպքերին արձագանքման, դեպքի վարման, Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական աջակցության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության մեխանիզմների բարելավմանը։