Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենսդրական նոր պահանջներին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ: Դասընթացի կենտրոնում կլինեն, մասնավորապես, նոր օրենքով ամրագրված սոցիալական ձեռնարկատիրության և կամավորության ինստիտուտները:
Դասընթացի ավարտից հետո մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ ՀԿ-ների մասին նոր օրենքի, մասնավորապես սոցիալական ձեռնարկատիրության և կամավորության իրավակարգավորումների վերաբերյալ անմիջապես դասընթացավարի կողմից, ինչպես նաև գրանցվել՝ իրենց կանոնադրությունները և այլ իրավական փաստաթղթերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Դասընթացը տեղի է ունենալու 2017 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (դասընթացի անցկացման հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան 7/2):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: Դասընթացը կվարեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ–ների մասին օրենքի դասընթաց – 27.11.17».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը,
- Հասարակական կազմակերպության նախագահի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 25-ը՝ ժամը 17.00-ը ներառյալ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ)՝ 080001110
Հեռախոսահամար՝ 010 540199
Էլ. փոստ՝ [email protected]