Commitment to Constructive Dialogue

Զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով կատարվում է բազմակողմանի քննություն՝ հանրային վերահսկողության արդյունքում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից  «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայի քննարկման ժամանակ  փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից բարձրաձայնվեց ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի և զինվորական ծառայության հետ դրա անհամատեղելիության մասին:

Հանրային քննարկումից օրեր անց Ռազմական ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել ընդունիչ-բաշխիչում Յուրիկ Բրոյանի նկատմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ: Արձագանքել է նաև Զինվորական դատախազությունը, որը վստահեցրել է՝ ներկայացված հաղորդումները քննարկվել են և պատշաճ կարգով քննություն կիրականացվի:

Մարտի 4-ին բացատրություն և հաղորդում է վերցվել Յուրիկ Բրոյանից: Վերջինս նույն օրը հարցաքննվել է նաև այն քրեական գործի շրջանակներում, որով ճանաչվել է որպես տոււժող: Մասնավորապես, զորամասում ծեծի ենթարկվելու, ինչպես նաև «Կանազ»-ի հոսպիտակում տեղի ունեցած անմարդկային վերաբերմունքի փաստերի շուրջ:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտել է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշել «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչել են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել են բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղան դաժան ծեծի է ենթարկվել իր «կոմբատի»՝ «Բադ» մականունով անձի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխել են հոգեբուժարան:

Լուսանկարում Յուրիկ Բրոյանն է