Commitment to Constructive Dialogue

«Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի և Բյուրեղավանի համայնքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմարաշեն, Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Ծաղկահովիտ, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Մեղրաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Վայոց Ձորի մարզի Արենի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կառավարման արդյունավետության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվում են այցելություններ արդեն իսկ ծրագրի շրջանակներում ուսումնասիրված համայնքներ: Այցելությունների ընթացքում ներկայացվում են համայնքների խոշորացման երրորդ փուլում կիրառված խոշորացման մոդելների արդյունավետության ուսումնասիրության ընթացիկ արդյունքները: Հավաքագրվում են խոշորացված համայնքի փորձի հիման վրա ձևավորված առաջարկությունները և նկատառումները՝ հետագա վերլուծության նպատակով:

Համայնքների ուշադրությանը հրավիրվում են նաև ուսումնասիրության ընթացքում համայնքային կառավարման արդյունավետության վերաբերյալ նկատված խնդիրներն ու ռիսկերը, ներկայացվում են բարելավման առաջարկություններ:

Հունիսի 5-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքապետարանում կայացավ հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։

Փորձագետի կողմից արդյունքները ներկայացնելիս, համայնքի ղեկավարի կողմից նշվեց, որ համայնքներում կան առանձնահատկություններ և այնքան էլ հեշտ չի նույն ցուցանիշները նախատեսել բոլորի համար: Սակայն փորձագետը նշեց, որ ընտրվել են այնպիսի ցուցանիշներ, որոնք ընդհանուր են բոլորի համար և եթե կայքերում որոշ տեղեկություններ բացակայել են, դրանք ստացվել են հարցում – գրությունների միջոցով:

Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, հնչեցված կարծիքներով և նկատառումներով, որոնք հաշվի են առնվելու ծրագրային առաջարկները մշակելիս:

Հանդիպման ավարտին «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի և Բյուրեղավանի համայնքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: