Commitment to Constructive Dialogue

Գեղարքունիքի մարզպետարանում ՔՀԿ կազմակերությունների հետ քննարկվեցին 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2020 թ-ի պետական բյուջեի հայտերի նախագծերը

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2019 թվական մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N289-Ա որոշումից բխող հանձնարարականը:

Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի այլ աշխատակիցներ, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայից:

Մարզպետ Գնել Սանոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ մեկ անգամ ևս կարևորելով ՔՀԿ-ների դերը մարզի զարգացման գործում, սակայն մտահոգություն հայտնեց, որ երբեմն հենց ՔՀԿ ներկայացուցիչներն են պասիվություն դրսևորում համագործակցության հարցում: Նա նաև հավելեց, որ մշտապես բաց են համագործակցության և թափանցիկ աշխատանքի համար:

Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը մանրամասնորեն ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտները՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ անդրադառնալով 2019 թվականի հաստատված բյուջեին և բյուջետային հայտին, 2020 թվականի հայտի տարբերությանը 2019 թվականի հաստատվածի նկատմամբ, և հայտի տարբերությանը 2018 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:

Ներկաները հանդես եկան հարցադրումներով բյուջեի հոդվածների վերաբերյալ, որոնք էլ սպառիչ պատասխան ստացան Յուրա Մուշեղյանի կողմից: