Commitment to Constructive Dialogue

Նպաստառուների իրազեկվածության խնդիրը համակարգային բարեփոխումների առանցքում

«Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունվարից սկսած իրականացնում էր «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

Ծրագրի հետազոտական բաղադրիչը ենթադրում էր հետազոտության անցկացում որակական մեթոդաբանությամբ, որի արդյունքում հրապարակվեց «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով համապարփակ վերլուծական տեղեկանքը։ Վերջինս, ըստ էության, ամփոփում էր հետազոտության արդյունքում կատարված հիմնական եզրակացությունները և առաջարկները, որոնք  առնչվում էին նպաստների համակարգից նպաստառու ընտանիքների անդամների տեղեկացվածությանը և նրանց շահերի պաշտպանության հարցերին՝ զբաղվածության համատեքստում։

Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, նպաստառուների՝ նպաստների համակարգից տեղեկացվածությունը առաջնահերթ խնդիրներից է։ Սա է պատճառը, որ զեկույցում որպես հիմնական առաջարկ ներառվել է իրազեկման համակողմանի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այդ միջոցառումների իրականացման առանցքում շեշտը պետք է դրվի նպաստառուներին՝ իրենց իրավունքների և պարտականությունների համակողմանի բացատրման, ինչպես նաև վերջինի չկատարումից բխող հետևանքների վրա: 

 Առաջարկներում ներառված են իրազեկման այլընտրանքային տարբերակներ, օրինակ, թերթոնների («Հաճախակի տրվող հարցեր») տարածում, որոնք որպես ծանուցումներ կուղարկվեն նպաստառուներին կամ կբաժանվեն փոստային բաժանմունքներում։ 

Մեկ այլ տարբերակ է ինտերակտիվ կայքի ստեղծումը, որում նպաստառուները կարող են ավտոմատ գրանցվել, և ստանալ ծանուցումներ, իսկ օնլայն տարբերակով իրենց հուզող հարցերը ներկայացնել և էլեկտրոնային նամակ-պատասխաններ ստանալ։ 

Առաջարկների շարքում է նաև նպաստների վերաբերյալ նպատակային  հեռուստահաղորդումների եթեր հեռարձակումը: Նպաստառուների պնդմամբ՝ հեռուստացույցով քիչ է լուսաբանվում թեման և քաղաքացիները տեղյակ չեն իրենց իրավունքներից, մինչդեռ հեռուստացույցը բոլորին հասանելի տեղեկատվություն ստանալու միջոց է։

Միանշանակ օգտակար կլինի նաև սոցիալական աջակցության համակարգում՝ տարածքային ստորաբաժանումներում որևէ աշխատակցի նշանակումը, որը տեղյակ կլինի քաղաքացիներին հուզող հարցերից և սպառիչ պատասխաններ կտա նրանց: 

Զեկույցում տեղ գտած այս և իրազեկվածության հարցին առնչվող հարակից առաջարկները կիրառելու դեպքում խնդիրը որոշակիորեն կարող է կարգավորվել։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն ապարդյուն կլինեն, եթե նպաստառուները իրենք ցանկություն և պատրաստակամություն չունենան իրազեկված լինել՝ չխուսափելով նաև պարտականությունների կատարումից, որոնք իրավունքներին համազոր ունեն նրանք։