Commitment to Constructive Dialogue

«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց

«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցն  իրականացնում է  «Բյուջե բոլորի համար»  ծրագիրը՝  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

2008 թվականին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ, համայնքներում ակտիվ կանայք՝ Սյունիքի մարզում կանանց տնտեսական և քաղաքական հզորացմանը հետամուտ, ստեղծել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» և «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Գորիսում՝ «Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը», որոնք հետագայում իրենց ջանքերը միավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՍԿՌԿՑ) շրջանակներում ։

2014 թվականին ՍԿՌԿՑ-ն դարձավ ՎԻՆՆԵԹ Եվրոպայի  (European Association of Resource Centers for Women – WINNET Europe) պաշտոնական անդամ և վերակազմակերպվեց որպես «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանց (այսուհետ՝ ՎԻՆՆԵԹ Հայաստան)՝  տարբեր ոլորտներում կանանց դերն ու մրցունակությունը բարձրացնելու համար՝ ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։

Իր հիմնադրումից ի վեր ՎԻՆՆԵԹ Հայաստանի ջանքերն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և տարածաշրջաններում կանանց ռեսուրս կենտրոնների զարգացմանն ու նոր կենտրոնների ստեղծմանը։ 2014թ «ՎԻՆՆԵԹ Հայաստանը» ունեցավ  երեք նոր անդամ կազմակերպություններ Սիսիան, Եղեգնաձոր և Իջևան քաղաքներում:  Ցանցի ընդլայնման աշխատանքներին մեծապես աջակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Ժողովրդավարության եվրոպական հաստատության հիմնադրամը (European Endowment for Democracy Fund)։ ՎԻՆՆԵԹ Հայաստանը շարունակաբար ռեսուրսներ է հայթհայթում զարգացման, իր անդամների հզորացման և ցանցի ընդլայնման համար։

Կանանց տնտեսական հզորացման ոլորտում ցանցը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ։ Այսպես, «Կանանց տնտեսական հզորացման» ծրագրի շրջանակներում ստեղծվել են կանանց գործարար (բիզնես) ակումբներ, որոնք զարգացրել են կանանց՝ ձեռնարկատիրության և գործարար հմտությունները, բարձրացվել է նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Տարբեր նախաձեռնությունների  շրջանակներում կազմակերպված դասընթացներն ուղղված են եղել կանանց մասնագիտական հմտությունների  զարգացմանը, ինչպես նաև  գործարար հմտությունների, ինքնակենսագրություն և ուղեկցող նամակ շարադրելու, աշխատանքի հարցազրույցի հիմունքների, հանրային հաղորդակցության և առաջնորդության հմտությունների զարգացմանը։

Ցանցի առաքելությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության երկրներում կանանց հզորացումն է՝ համայնքային, մարզային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում կանանց ռեսուրս կենտրոնների ստեղծման և զարգացման միջոցով։

Ցանցի տեսլականը

Անցումային տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման փուլում կանանց տնտեսական և քաղաքական հզորացումը պահանջում է.

  • տնտեսության և քաղաքականության մեջ կանանց մրցունակության բարձրացում, այդ թվում՝ շուկայի պահանջներին համապատասխան կարողությունների զարգացման միջոցով.
  • կանանց զբաղվածության հնարավորությունների աստիճանական ընդլայնում, այդ թվում՝ տեղական մատչելի հումքի վրա հիմնված սոցիալական ձեռնարկատիրության զարգացման միջոցով.
  • աշխատաշուկայում կանանց մասնակցության մեծացման և ընտանիքի խնամքի համադրելիության հնարավորությունների ընդլայնման համար նպաստավոր քաղաքականության միջավայրի ձևավորում և խթանում, այդ թվում՝ կանանց կարիքների վրա խարսխված տնտեսական և սոցիալական քաղաքականության և ծրագրերի մշակման և իրականացման միջոցով.
  • կանանց տնտեսական և քաղաքացիական ակտիվության բարձրացում և մոբիլիզացում, այդ թվում՝ իրենց տնտեսական և հանրային շահերի առաջ մղման ուղղված՝ կանանց և նրանց խմբերի միջև համագործակցության հաստատման և ծավալման միջոցով.
  • սոցիալական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունների արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կանանց ռեսուրս կենտրոնների ջանքերի պարբերական մոնիտորինգի և գնահատման միջոցով.
  • Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում  Ցանցի  դերի ու ազդեցության մեծացում, ռեսուրս կենտրոնների և դրանց ցանցի կարողությունների հզորացում, այդ թվում՝ ռեսուրս կենտրոնների մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման, կենտրոնների և ցանցի գույքի և ֆինանսական միջոցների ընդլայնման, սոցիալական ձեռնարկությունների ենթակառուցվածքների զարգացման, միջնաժամկետ և երկարաժամկետ իրատեսական և արդյունավետ ծրագրերի մշակման ու դրանց իրականացման, Հայաստանում և տարածաշրջանում Ցանցի  ճանաչելիության և միջազգային կապերի ամրապնդման, այդ թվում՝ ՎԻՆՆԵԹ Եվրոպային անդամակցության միջոցով։

Ցանցի ռազմավարությունը