Հայկական բիզնես կոալիցիան իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը:
2018 թվականի դեկտեմբերի 20-ին հիմնադրվել է Հայկական բիզնես կոալիցիան կոալիցիան, հաստատվել է դրա կանոնակարգն ու կառավարման խորհրդի նախագահի փոփոխման ռոտացիոն կարգը:
Հայկական բիզնես կոալիցիայում միավորվել են բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող 27 քաղհասարակության կազմակերպություններ:
Հայկական բիզնեսի կոալիցիայի հիմնադիր անդամներն են Շիրակի առևտրաարդյունաբերական պալատը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն, Ազդեցության գործարար ակումբը և Գործարարության աջակցման գրասենյակը:
«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը թիրախավորում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության (ՓՄՁ), ինչպես նաև արագորեն աճող նոր ենթաոլորտի՝ սոցիալական ձեռներեցության (ՍՁ) հետ առնչվող էական խնդիրները, որոնցից են
- Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման իրատեսական և ժամանակակից մոտեցումներով նոր ռազմավարության բացակայությունը,
- Ոլորտում ընթացող գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և Բիզնես ասոցիացիաների մասնակցության թույլ մեխանիզմները,
- Գործարարների շահերի պաշտպանի (Բիզնես Օմբուդսմեն) ինստիտուտի ներդրման շուրջ բազմակողմանի երկխոսության իրականացման անհրաժեշտությունը,
- Բիզնեսի, ներառյալ նաև սոցիալական ձեռնարկատիրության հարցերով ընդհանուր կրթության պետական քաղաքականության էական բարելավման, ուսումնական ժամանակակից ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտություն:
Ծրագրի նպատակն է մշակել և ՀՀ կառավարությանը ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացման նոր` 2019-2021թթ ռազմավարության լայնորեն քննարկված, հիմնավորված և մասամբ փորձարկված նախագիծ, որը էական նշանակություն կունենա Հայաստանում ՓՄՁ ոլորտի հետագա զարգացման արդյունավետ կազմակերպման համար և կներառի վերոնշյալ բոլոր խնդիրները։
ՀՀ կառավարությանը ներկայացվելիք ՓՄՁ նոր ռազմավարության նախագիծը մշակվելու է ծրագրի շրջանակներում ստեղծվող ՓՄՁ երկխոսության հարթակում կազմակերպվող հաղորդակցման և հանդիպումների միջոցով։
Ծրագրի շրջանակներում Կիրականացվի բիզնես հաշտարարի առաջարկվող ինստիտուտի փորձնական (պիլոտային) նախագիծ Գյումրի և Գավառ քաղաքներում, կօգտագործվեն արդեն առկա գործիքները (օրինակ՝ BizProtect կայքը)՝ առաջացած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար։ Փորձնական նախագծի արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն ՓՄՁ երկխոսության հարթակում:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կհիմնվի սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ, որը կփորձարկվի Գավառում, Երևանում և Գյումրիիում՝ մեկական հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդյունքները կքննարկվեն ՓՄՁ երկխոսության հարթակում, կներկայացվեն ձեռնարկատիրական կրթության քաղաքականության բարելավման առաջարկություններ։