Commitment to Constructive Dialogue

Ամփոփվեց «Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում, և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր» ծրագիրը

Եվրամիության կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին տեղի ունեցավ «Սոցիոլոգիական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիոն ռիսկերը անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում, և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցեր» հանրային քաղաքականության մոնիթորինգային և բարելավման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՔՀԿ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Մակար Կիրակոսյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնող Մարատ Հակոբյանը, «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսում բացման խոսքով հանդես եկավ «Սոցիոլոգիական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գեղամ Գրիգորյանը, ողջույնի խոսք ասաց նաև «Եվրամիության կառուցողական երկխոսություն հանձնառության ծրագրի» ներկայացուցիչ, Իրավաբանների հայկական ասոցացիայի ներկայացուցիչ Մարատ Ավտոմյանը: 

Կատարված աշխատանքը համառոտ ներկայացրեց Գեղամ Գրիգորյանը, ծրագրի փորձագետ Վրեժ Գասպարյանը խոսեց ծրագրի նպատակների մասին, «Դիտակետ» ընկերության ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը համառոտ ներկայացրեց իրենց կողմից կատարված աշխատանքները, «Ջի դիզայն» ՍՊ ընկերության տնօրեն Գրիգոր Սեմերջյանը, քանի որ գտնվում էր արտասահմանում, համացանցի միջոցով ներկայացրեց իրենց կողմից  «socialarmenia.org» կայքում կատարած աշխատանքները:

«Կոռուպցիոն ռիսկերն անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցերը» հանրային քաղաքականության և մոնիտորինգային բարելավման ծրագրի ամփոփ զեկույցը ներկայացրեց ծրագրի փորձագետ Առնոլդ Վարդանյանը:  Օրակարգի հաջորդ` հարցուպատասխան քննարկումներին, բացի ՔՀԿ ներկայացուցիչներից, ակտիվ մասնակցեցին, դատախազության, դատական դեպարտամենտ և Ազգային ժողովի պատգամավորը: