«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցն իրականացնում է «Բյուջե բոլորի համար» ծրագիրը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
2008 թվականին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ, համայնքներում ակտիվ կանայք՝ Սյունիքի մարզում կանանց տնտեսական և քաղաքական հզորացմանը հետամուտ, ստեղծել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» և «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Գորիսում՝ «Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը», որոնք հետագայում իրենց ջանքերը միավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՍԿՌԿՑ) շրջանակներում ։
2014 թվականին ՍԿՌԿՑ-ն դարձավ ՎԻՆՆԵԹ Եվրոպայի (European Association of Resource Centers for Women – WINNET Europe) պաշտոնական անդամ և վերակազմակերպվեց որպես «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոնների ցանց (այսուհետ՝ ՎԻՆՆԵԹ Հայաստան)՝ տարբեր ոլորտներում կանանց դերն ու մրցունակությունը բարձրացնելու համար՝ ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։
Իր հիմնադրումից ի վեր ՎԻՆՆԵԹ Հայաստանի ջանքերն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և տարածաշրջաններում կանանց ռեսուրս կենտրոնների զարգացմանն ու նոր կենտրոնների ստեղծմանը։ 2014թ «ՎԻՆՆԵԹ Հայաստանը» ունեցավ երեք նոր անդամ կազմակերպություններ Սիսիան, Եղեգնաձոր և Իջևան քաղաքներում: Ցանցի ընդլայնման աշխատանքներին մեծապես աջակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Ժողովրդավարության եվրոպական հաստատության հիմնադրամը (European Endowment for Democracy Fund)։ ՎԻՆՆԵԹ Հայաստանը շարունակաբար ռեսուրսներ է հայթհայթում զարգացման, իր անդամների հզորացման և ցանցի ընդլայնման համար։
Կանանց տնտեսական հզորացման ոլորտում ցանցը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ։ Այսպես, «Կանանց տնտեսական հզորացման» ծրագրի շրջանակներում ստեղծվել են կանանց գործարար (բիզնես) ակումբներ, որոնք զարգացրել են կանանց՝ ձեռնարկատիրության և գործարար հմտությունները, բարձրացվել է նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Տարբեր նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպված դասընթացներն ուղղված են եղել կանանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև գործարար հմտությունների, ինքնակենսագրություն և ուղեկցող նամակ շարադրելու, աշխատանքի հարցազրույցի հիմունքների, հանրային հաղորդակցության և առաջնորդության հմտությունների զարգացմանը։
Ցանցի առաքելությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության երկրներում կանանց հզորացումն է՝ համայնքային, մարզային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում կանանց ռեսուրս կենտրոնների ստեղծման և զարգացման միջոցով։
Ցանցի տեսլականը
Անցումային տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման փուլում կանանց տնտեսական և քաղաքական հզորացումը պահանջում է.
- տնտեսության և քաղաքականության մեջ կանանց մրցունակության բարձրացում, այդ թվում՝ շուկայի պահանջներին համապատասխան կարողությունների զարգացման միջոցով.
- կանանց զբաղվածության հնարավորությունների աստիճանական ընդլայնում, այդ թվում՝ տեղական մատչելի հումքի վրա հիմնված սոցիալական ձեռնարկատիրության զարգացման միջոցով.
- աշխատաշուկայում կանանց մասնակցության մեծացման և ընտանիքի խնամքի համադրելիության հնարավորությունների ընդլայնման համար նպաստավոր քաղաքականության միջավայրի ձևավորում և խթանում, այդ թվում՝ կանանց կարիքների վրա խարսխված տնտեսական և սոցիալական քաղաքականության և ծրագրերի մշակման և իրականացման միջոցով.
- կանանց տնտեսական և քաղաքացիական ակտիվության բարձրացում և մոբիլիզացում, այդ թվում՝ իրենց տնտեսական և հանրային շահերի առաջ մղման ուղղված՝ կանանց և նրանց խմբերի միջև համագործակցության հաստատման և ծավալման միջոցով.
- սոցիալական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունների արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կանանց ռեսուրս կենտրոնների ջանքերի պարբերական մոնիտորինգի և գնահատման միջոցով.
- Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում Ցանցի դերի ու ազդեցության մեծացում, ռեսուրս կենտրոնների և դրանց ցանցի կարողությունների հզորացում, այդ թվում՝ ռեսուրս կենտրոնների մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման, կենտրոնների և ցանցի գույքի և ֆինանսական միջոցների ընդլայնման, սոցիալական ձեռնարկությունների ենթակառուցվածքների զարգացման, միջնաժամկետ և երկարաժամկետ իրատեսական և արդյունավետ ծրագրերի մշակման ու դրանց իրականացման, Հայաստանում և տարածաշրջանում Ցանցի ճանաչելիության և միջազգային կապերի ամրապնդման, այդ թվում՝ ՎԻՆՆԵԹ Եվրոպային անդամակցության միջոցով։