Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը:
2018 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնադիր ժողովը, որին մասնակցել է կոալիցիային անդամակցած 33 կազմակերպության ներկայացուցիչներ:
Ներկայացվել է կոալիցիայի կանոնակարգը և հուշագիրը, կազմվել է խորհուրդը:
Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Կոալիցիայի կողմերը համաձայնել են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր ներառական կրթություն իրականացնող կենտրոններում, վեր հանել առկա խնդիրները, հանրայնացնել արդյունքները և դրանց վրա կենտրոնացնել պետական մարմինների ուշադրությունը, զարգացնել ՔՀԿ-Կառավարություն համագործակցության հարթակը` Հայաստանում սոցիալական ներառման, աջակցության և համագործակցության հայեցակարգի մշակման և ներդրման շուրջ, իրականացնել ծրագրեր ուղղված հասարակության իրազեկվածության բարձրացմանը ներառական կրթության գործընթացների վերաբերյալ, զարգացնել կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը, համագործակցել ոլորտի շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ և այլն:
Կոալիցիայի հիմնադիր անդամներն են «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները: