Commitment to Constructive Dialogue

Problems arising during the application of the requirements of the RA Law on Non-Governmental Organizations Law (Available in Armenian language)

  1. Իրավաբանական անձանց միությունների կողմից որպես հասարակական կազմակերպություն վերագրանցման ընթացքում ծագող խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 125-127-րդ հոդվածները: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և վերագրանցվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում: Բացի այդ, իրավաբանական անձանց «վերագրանցում» եզրույթն օգտագործվում է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՕ-22-Ն օրենքում:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ հետևյալն է. քանի որ «վերագրանցում» հասկացությունը բացահայտված չէ որևէ իրավական ակտով, հետևաբար «վերագրանցումը» դիտում է որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` վերակազմակերպում, այսինքն` իրավաբանական անձանց միությունները, փոխելով իրենց կազմակերպական-իրավական տեսակը, օրենքով սահմանված ժամկետում պետք է վերակազմակերպվեն և պետական գրանցում ստանան որպես հասարակական կազմակերպություններ:

Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է վերակազմավորվելիս պահանջվող փաստաթղթերի ցանկին:

  1. Այսպես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1–ին մասի 5-րդ կետի համաձայն` «վերակազմավորման դեպքում` (…) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է` (…) առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր, (…) փոխանցման ակտը»: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կազմակերպության պետական գրանցման նպատակով Գործակալություն են ներկայացվում` հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը):

Հետևաբար, վերակազմավորման արդյունքում ստեղծված ՀԿ-ի հիմնադիր բոլոր իրավաբանական անձինք սույն պարագայում, բացի ՀԿ հիմնադրելու մասին ընդհանուր ժողովի որոշումից, պարտավոր են ներկայացնել նաև իրենց առանձին որոշումները: Մեր խորին համոզմամբ, օրենսդիրը նման կարգավորում նախատեսել է հետագայում ստեղծվելիք իրավաբանական անձանց համար, ուստի այս նորմը չի կարող կիրառվել արդեն իսկ ստեղծված իրավաբանական անձանց միությունների համար, որտեղ արդեն իսկ մեկ անգամ իրավաբանական անձինք իրենց կամահայտնությունն են արտահայտել համապատասխան կառույցներ հիմնադրելու վերաբերյալ:

  1. Բացի այդ, պահանջվող փաստաթղթերից մեկը փոխանցման ակտն է, որի վերաբերյալ  ևս առկա են իրարամերժ դիրքորոշումներ և խնդիրներ։ Ինչպես պարզ դարձավ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածների վերլուծությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջվում է ներկայացնել նաև փոխանցման ակտ առ այն, որ վերակազմակերպվող կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձանց միության իրավահաջորդը: Վերջինիս փոխանցվում են իրավանախորդին պատկանող և բաժանիչ հաշվեկշռում նշված ակտիվներն ու պասիվները, այլ իրավունքներն ու պարտավորությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ քննարկմանը մասնակից բոլոր իրավաբանական անձանց միությունները փաստեցին, որ իրենց կանոնադրությամբ չունեն դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմին, ինչը խիստ տրամաբանական է, քանի որ սույն նորմը կիրառելի է եղել առևտրային կազմակերպությունների նկատմամբ: Հարկ է նաև հավելել, որ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ևս հնչում են իրարամերժ դիրքորոշումներ առ այն, թե ում կողմից պետք է հաստատվի իրավաբանական անձանց միության փոխանցման ակտը, և առկա չէ պաշտոնական պարզաբանում: Հետևաբար, իրավանորմերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ իրավաբանական անձանց միության փոխանցման ակտը ևս պետք է հաստատեն վերջինիս հիմնադիրները:

Հարկ է նկատել, որ մի շարք իրավաբանական անձանց միություններ ունեն բազմաթիվ հիմնադիրներ: Օրինակ, Հայաստանի համայնքների միությունը համայնքների վերջնական խոշորացումից հետո կունենա ավելի քանի 500 հիմնադիր: Հետևաբար օրենսդրական պարտադիր փոփոխությունների (հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին բոլոր հիմնադիր իրավաբանական անձանց կողմից առանձին որոշումների ընդունման և բոլոր հիմնադիրների կողմից փոխանցման ակտի հաստատման) պատճառով վերակազմակերպման գործընթացն արհեստականորեն բարդացված է և անհամաչափ և անիմաստ բեռ է դրվում իրավաբանական անձանց միությունների ուսերին։ Բացի այդ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը չի տարածվում իրավաբանական անձանց կողմից ՀԿ-ների վերակազմավորման գործընթացի վրա, ուստի վերջիններս պարտավոր են վճարել պետական տուրք` 5000 ՀՀ դրամ` լուծարվելիս և 10000 ՀՀ դրամ` գրանցվելիս:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք նախատեսել վերագրանցման հեշտացված ընթացակարգ: Մասնավորապես, առաջարկում ենք «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում սահմանել Իրավաբանական անձանց կողմից «վերագրանցման» եզրույթը, որի նախատեսումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի եղել և ծառայել է հենց խնդրո առարկա հարաբերությունների կարգավորմանը: Այս դեպքում կլուծվի 2 հիմնական խնդիրներ.

  1. Փոխանցման ակտ չներկայացնելու խնդիրը,
  2. Վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպությունների կողմից պետական գրանցման նպատակով հիմնադիր կամ անդամ իրավաբանական անձանց լիազորված մարմինների կողմից առանձին որոշումներ չներկայացնելու խնդիրը:

Այս նպատակով անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում նախատեսել «վերագրանցում» եզրույթը որպես` իրավաբանական անձանց միության կանոնադրության փոփոխությունների կատարման միջոցով որպես հասարակական կազմակերպություն գրանցում:

Բացի այդ, անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում (յուրաքանչյուր իրավաբանական անձի կողմից կայացված որոշումներ ներկայացնելու պարտականություն) և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածում (փոխանցման ակտ ներկայացնելու պարտականություն)` նշելով, որ վերոնշյալ պարտականությունները չեն տարածվում վերագրանցման դեպքերի վրա:

  • Հասարակական կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների գրանցման ընթացքում ծագող խնդիրներ և դրանց լուծման առաջարկություններ

 

  1. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պետական գրանցումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտի և Կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կանոնադրության միջև հակասության դեպքում Կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում կանոնադրությունը համապատասխանեցնել նորմատիվ իրավական ակտի պահանջներին և ազատվում է պետական գրանցման համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Մինչև Կազմակերպության կանոնադրությունը նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանեցնելը գործում են նորմատիվ իրավական ակտի պահանջները։ Վերոնշյալ օրենքն ուժի մեջ է մտել 04.02.2017 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունների կողմից օրենքին իրենց կանոնադրությունների համապատասխանեցման ժամկետը մոտենում է ավարտին, գտնում ենք, որ անհրաժեշտ է վերջիններիս համար նախատեսել վերջնաժամկետ 2019 թվականի հունվարի 1-ը:
  2. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետի համաձայն` Հիմնադիր ժողովը ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են: Այս դրույթի գործնական կիրառման ժամանակ առկա են որոշակի խնդիրներ: Ժողովը, կանոնադրությունը փոփոխելու նպատակով հրավիրված նիստի ժամանակ, մի հարցով անդրադառնում է նաև այդ խնդրին և որոշում է լիազորել կազմակերպության անդամին, որպեսզի վերջինս նոր խմբագրությամբ կանոնադրությունը գրանցի իրավաբանական անձանց պետական գրանցման մարմնում (այսուհետ՝ Գործակալություն), ինչն արտահայտվում է արձանագրությունում: Նշյալ անդամին Գործակալությունում մերժում են` պատճառաբանելով, որ արձանագրությունը ձևական նկատառումների տեսանկյունից չի համապատասխանում լիազորագրի ձևին և անհրաժեշտ է առանձին լիազորագրով լիազորել: Անհրաժեշտ է փոփոխություն կատարել  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի` նշելով, որ այն դեպքերում, երբ ժողովը փոխում է իր կանոնադրությունը` նախատեսելով անդամներին վերոնշյալ լիազորության տրամադրում, ապա արձանագրությունն այս դեպքում հանդիսանում է լիազորագիր, հետևաբար այդ հիմքով պայմանավորված Գործակալությունում չեն կարող մերժել:
  3. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետի համաձայն` Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում (… Գործակալություն) տեղեկացնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Այս դրույթը տարբեր ձևերով է մեկնաբանվում Գործակալության աշխատակիցների կողմից, մասնավորապես, որ անհրաժեշտ է Ժողովի նիստ հրավիրել և կանոնադրության փոփոխություններ հաստատել, հավանաբար հետևյալ նորմերի վերլուծության արդյունքում.
  • Նշյալ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում են Կազմակերպության … գտնվելու վայրը:
  • Նշյալ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն:

Ուստի, գտնում ենք, որ վերոնշյալ դրույթը անհարկի ծանրաբեռնում է կազմակերպության ժողովին, և անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետում` գտնվելու վայրի փոփոխման դեպքում առհասարակ այդ դրույթը հանելու կամ հեշտացված ընթացակարգ նախատեսելու միջոցով` ուղղակի գրավոր ծանուցում ներկայացնելու տեսքով:

  1. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ: Սակայն, գործակալությունը հաճախ չի ընդունում ժողովի նիստերի արձանագրությունները այն պատճառաբանությամբ, որ հասարակական կազմակերպություններն իրենց կանոնադրություններով չեն սահմանում այս դրույթը: Անհրաժեշտ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի ներքո ամրագրել, որ կազմակերպությունները կարող են գումարել վերոնշյալ ընթացակարգով ժողովներ` օրենքի ուժով` առանց կանոնադրությամբ վերջինս հատուկ նախատեսելու:

Սույն հրապարակումն ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:  Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետները: