Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:
Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կողմից իրականացվում է ԿԵՀ-ի ոկղմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը:
Ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում հակիրճ անդրադարձավ պրոբացիայի և վաղաժամկետ ազատման զարգացումներին, վարչապետի հայտարարություններին:
Այնուհետև նա համառոտ ներկայացրեց փետրվարի 14-16-ին Աղվերանում իրականացված միջոցառման ընթացքում կազմակերպված խմբային աշխատանքները, դրանց արդյունքում ծավալված քննարկումները, հնարավոր համագործակցության եզրերի ի հայտ գալը և 10 կոալիցիաների կողմից Հռչակագրի ստորագրումը, որով որոշվեց հիմնադրել Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը:
Այնուհետև Հռչակագրի տպագիր տարբերակը բաժանվեց մասնակիցներին, առաջարկվեց ծանոթանալ և հայտնել կարծիքներ՝ վերջինիս վերաբերյալ: Մասնակիցները ծանոթանալուց հետո նշեցին, որ կարող են հաստատել: Այսպիսով, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը հաստատեց հռչակագիրը:
Արտակ Կիրակոսյանի կողմից ներկայացվեցին պրոբացիայի մշտադիտարկման հետ կապված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված տարբերակները: